«Հայաստանի հանրապետության եւ Թուրքիայի հարաբերությունները համապատասխանում են համաշխարհային քաղաքականության տրամաբանությանը։ Այս գործընթացում շահագրգիռ կողմը Թուրքիան է, քանի որ նա տարածաշրջանում ունի հանցագործի կարգավիճակ, եւ այս գործոնը անվերջ հետեւում է նրան, ինչը մեծ տերությունները մշտապես օգտագործում են Թուրքիայի դեմ»,- այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Նրա հավաստմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կարող է մեղմել իրավիճակը, քանի որ նա ինքնության լուրջ ճգնաժամի մեջ է եւ միջազգային հանրությանը ուզում է ցույց տալ, որ հարեւանների հետ կարող է բարեդրացիական հարաբերություններ հաստատել։

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների զարգացմանը, ապա «Նորավանք» հիմնադրամի տնօրենի հավաստմամբ՝ նրանց միջեւ վաղուց սեւ կատու է անցել, եւ լարվածությունը նկատելի է այն բանից հետո, երբ Թուրքիայի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելու ռեժիմը փոխվեց.

«Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում օգտագործվում են եւ Հայաստանը, եւ ԼՂ-ը։ Ադրբեջանի ագրեսիվ պլանները ԼՂՀ-ի նկատմամբ կարող են իրականանալ միայն Թուրքիայի օգնությամբ»,- նշում է նա՝ ընդգծելով, որ արձանագրությունների օգուտը՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների թուլացումն է։