Թուրքիայի քաղաքացիները բարեկամաբար չեն վերաբերվում օտարերկրացիներին. այդպիսին են Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ֆոնդի (SETA)` վերջերս անցկացրած հարցման արդյունքները: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ին:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ Թուրքիայում շատերը բացասական վերաբերմունք ունեն արաբների, հայերի, հրեաների, հույների, ռուսների եւ ամերիկացիների նկատմամբ:

Մասնակիցները նշել են, որ եթե ստիպված լինեին ընտրություն կատարել եվրոպացիների, ամերիկացիների եւ արաբների միջեւ, ապա կընտրեին արաբներին:

Հատկապես բացասական է եղել վերաբերմունքը հայերի, հրեաների եւ հույների նկատմամբ: Հարցվածների 73,9% -ն ասել է, որ բացասական վերբարեմունք ունի հայերի, 71,5%-ը` հրեաների եւ 67%-ը` հույների նկատմամբ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հայերի եւ հրեաների նկատմամբ առավել բացասական է կարծիքը ցածր կրթամակարդակ եւ սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակ ունեցողների շրջանում:

Ռուսների նկատմամբ բացասաբար են տրամադրված 51,7%-ը,  20,7% -ը` ավելի բարեհաճ են նրանց նկատմամբ:

Մասնակիցներին հարց է եղել նաեւ, թե որ երկրի հետ Թուրքիան պետք է համագործակցի  իր երկարաժամկետ շահերի աջակցության տեսակետից: Առաջին տեղում եղել են Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները  եւ Ադրբեջանը` 31%, որին հաջորդել են իսլամական պետությունները` 26%, Եվրամիությունը` 23,1%, ԱՄՆ-ը` 11,8%: Ռուսաստանն ու Չինաստանը եղել են ցուցակի վերջում` 8,1%-ով: