«Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից այսօր` մայիսի 27-ին ժամը 16:37-ին ազատ է արձակվել քաղբանտարկյալ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը ձերբակալվել էր 2008թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ ապօրինի զենք-զինամթերքի պահելու համար:
Առավոտից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ էին հավաքվել Սասուն Միքայելյանի հարազատները, զինակից ընկերներն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակիրները:
Ազատվելուց հետո Միքայելյանը մեկնել է հայրենի Վանատուր գյուղ, որտեղ ամբիոն են պատրաստել` հանպարտրաստից հանրահավաք անելու, ապա նշելու ազատամարտիկի վերադարձը:
Նշենք, որ Հայաստանի Ազգային Ժողովը երեկ` մայիսի 26-ին 91 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Սերժ Սարգսյանի առաջարկը` համաներում հայտարարելու վերաբերյալ: Ըստ այդ որոշման, ազատվելու են 396 դատապարտյալներ, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների արդյուքնում բանտերում հայտնված անձինք:





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի



























