Հայաստանը, հետեւելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների Դովիլյան հայտարարությանը, պետք է իր զորքերը հանի Ադրբեջանի տարածքներից: Նման յուրահատուկ եւ արտառոց կերպով են ընկալել Դովիլում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների արած հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահ են, թե «այդ քայլը անհրաժեշտ է»: ԱԳՆ-ն նշել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է, հայկական զորքեր դուրսբերում եւ ներքին տեղահանվածների վերադարձ իրենց բնակավայրեր` Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների համատեղ կեցությունն ապահովելու համար:
Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն համառորեն չի ցանկացել տեսնել նախագահների կոչն` ուժի չկիրառման վերաբերյալ, թեպետ հենց դա էր հատուկ շեշտվել հայտարարության մեջ:




























