Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, NEWS.am-ին հայտնեցին ազգային մրցունակության հիմնադրամից: Ի դեպ,  ընդամենը մեկ օր առաջ` մայիսի 26-ին NEWS.am-ին հիմնադրամից ասել էին, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ հարցն օրակարգում չկա:

«Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարեւոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման եւ ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պարոն Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջեւ դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաեւ մեկնարկել են հիմնադրամի առանցքային եւ խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ վերջերս մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել Բեկոր Փափազյանի` 6,2 մլն դրամի աշխատավարձ ստանալու խնդիրը: Ինքը` Փափազյանը շատ նորմալ է համարում, որ այդքան աշխատավարձ է ստանում: Հիշեցնենք, որ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Հիմնադրամն անկախ կառույց է` հիմնված Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, Հայաստանի առաջատար բիզնեսի ներկայացուցիչների համագործակցության վրա: Հիմնադրամի նպատակն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը: