Հայերն իրենց մտքում եւ սրտերում պետք է բարձր գնահատեն մայիսի 28-ի նշանակությունը հայ ժողովրդի պատմության եւ պետականության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` մեկանաբանելով Հանրապետության օրվա խորհուրդը:
Միաժամանակ Ալավերդյանը նշեց, որ ճիշտ չի համարում տոնի ընդունված անունը եւ առաջարկում է նոր անուն տալ տոնին: «Ճիշտ չեմ համարում մայիսի 28-ն Առաջին հանրապետության օր անվանելը, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում կարելի էր գիտակցել, որ այդ օրը հայոց պետականության վերականգնման օրն է: Հանրապետություն բառի նշանակությունը հանդիսանում է պետության ձեւերից մեկը: Բացի այդ, մենք կորցնելով պետականությունը, դարեր շարունակ ձգտել ենք դրան, եւ 1918 թվականի մայիսի 28-ին մեզ հաջողվեց վերականգնել մեր պետականությունը»,-նշեց Ալավերդյանը:
Պատգամավորը միաժամանակ կարծիք հայտնեց, որ անկախ Հայաստանը, որը կարողացավ վերականգնել իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, պետք է մայիսի 28-ի պատմական օրվան տա ճիշտ անվանում:
Հիշեցնենք, որ այսօր մայիսի 28-ն է եւ Հայաստանը նշում է Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը: 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը: Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը; 1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:
Ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթվեց բոլշեւիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:




























