ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:

Մայիսի 28-ը համաժողովրդական տոն է եւ թանկ ու նվիրական բոլոր հայերի համար: Այն դարձավ մեր բազմադարյա պատմության փառավոր էջերից մեկը, երբ ցեղասպանություն տեսած ու պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած ժողովուրդը կրկին վերապրելու եւ ինքնահաստատվելու հայտ ներկայացրեց աշխարհին, ստեղծեց պետություն` իր բոլոր խորհրդանիշներով ու կառույցներով հանդերձ, ազատ ու անկախ ապրելու եւ արարելու հաստատակամությամբ:

Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց չափազանց ծանր աշխարհաքաղաքական պայմաններում եւ գոյատեւեց ոչ երկար` ընդամենը երկուսուկես տարի, սակայն նրա թողած դասերը մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ եւ արդիական են մինչեւ այսօր: Մենք պարտավոր ենք միշտ հիշել մեր պատմության այդ բեկումնային տարիների իրադարձությունները, արժեւորել հաջողություններն ու ձեռքբերումները եւ երբեք չկրկնել անցյալի սխալները: Յուրաքանչյուր հայ` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պարտավոր է ըստ ամենայնի աջակցել պետականաշինության գործին, անել հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի հաղթական երթը լինի հավերժ ու անսասան: Միասնությունը, համերաշխությունն ու ազգային շահերը պետք է վեր լինեն ամեն ինչից:

Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ համայն հայությանը, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին եւ մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաջողություններ` հանուն հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման»: