«Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գանգատվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունից։

Սամսոնյանը, մասնավորապես, նշեց, որ մայրաքաղաքի քաղաքապետն ավելի վաղ հրավիրվել էր խորհրդարանական հանձնաժողովի նիստին, սակայն հրավերն անտեսել է։

Այս դիտողությանը Տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ Երեւանի քաղաքապետարանը հրավերքը ստացել է եւ նիստին մասնակցում է փոխքաղաքապետը։ Նա նաեւ ընդգծեց, որ հանձնաժողովում առանձին խնդրել են, որ բացի փոխքաղաքապետից, մասնակցեն այն պատասխանատու անձինք, որոնք զբաղվում են շինթույլտվությունների եւ այլ համանման հարցերով։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն իր հերթին հայտնեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը այս պահին զբաղվում է կամավորների երեւանյան ջոկատի կազմավորման հարցերով։

«Նրանք հիմա զորամասում են սահման ուղարկելուց առաջ վերապատրաստման փուլում։ Քաղաքապետն այս պատճառով չի կարողացել ներկա լինել»,- պարզաբանեց Ներսիսյանը։

Այս ենթատեքստում Սամսոնյանը հիշեցրեց, որ նախօրեին խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենքի նախագծին, որ աշխարհազորը գլխավորելու է Երեւանի քաղաքապետի տեղակալներից մեկը։

«Եվ ես չեմ հասկանում, ինչու Երեւանում այսքան խնդիրներ կան՝ կապված թե՛ ապաստարանների, թե՛ շինթույլտվությունների, թե՛ ապօրինի շինարարության հետ։ Մենք բոլորս այս ամենը պետք է քննարկենք գլխավոր պատասխանատու անձի հետ, եւ նա պետք է զբաղվի իր գործով»,- շեշտեց Սամսոնյանը։

Այդ ժամանակ Թունյանը, որպես հիշեցում, հայտնեց, որ եթե այս նիստին քաղաքապետը միայն հրավիրված էր, ապա տարածքային հարցերի հանձնաժողովում հիմնական զեկուցողն է։

«Ես նույնպես հանդես կգամ այն բանի օգտին, որ մենք որքան շատ ներկայացուցիչներ ունենանք, այնքան լավ կպատասխանենք եղած հարցերին ու խնդիրներին։ Ես խնդրում եմ պատգամավորների այս հրավերը փոխանցել պարոն Մարությանին»,- նշեց հանձնաժողովի նախագահը։