«Ժամանակին այսպիսի մի շատ ճիշտ ձեւակերպում կար՝ ով իրական քաղբանտարկյալ է, նա հրաժարվում է բոլոր տեսակի ներումներից ու համաներումից», հայտարարել է դաշնակցական Արմեն Ռուստամյանը։ «ՉԻ»-ն հայտրարությունը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Մեր ջերմ ողջույնները Վահան Հովհաննիսյանին եւ դաշնակցական մյուս ընկերներին։ Եթե հիշում եք՝ 1998-ին նրանք բանտերից ազատվեցին «իրավիճակի փոփոխության պատճառով», եւ որեւէ մեկը չբողոքեց այդ ձեւակերպման դեմ։ Այսինքն՝ նրանք ընդունեցին, որ քրեական հանցագործներ են եղել (ըստ պրն Ռուստամյանի տրամաբանության)։
Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայտնվել են բանտերում, հետո այդ նույն ընդիմության պայքարի շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել նրանց ազատ արձակել, ու բանից պարզվում է՝ քաղբանտարկյալները պիտի չօգտվեին այդ հնարավորությունից. պիտի զոռով մնային բանտախցերում ու այնտեղից շարունակեին պայքարը։
Չէ, մենք հասկանում ենք, որ ընկ Ռուստամյանն անպայման ուզում է ինչ-որ ձեւով վնասել քաղբանտարկյալներին, բայց մեր մեջ ասած՝ կարող էր եւ գոնե մի քանի օրով զսպել իրեն։ Չնայած՝ ընդդիմության հանդեպ «թույն շնչելը» դաշնակների հիմնական զբաղմունքն է, այնպես որ՝ ահագին զսպել են իրենց»։




























