Ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների նախորդ հայտարարությունների, Դովիլյան հայտարարությունում պահանջներ ու կոնկրետ ժամկետներ են դրված: Այս մասին «Հ1»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այսինքն համանախագահները ակնկալում են եւ պահանջում են, որպեսզի արդեն Կազանում հունիս ամսին կարողանան գալ համաձայնության՝ այս բանակցություններում հասնել որոշակի համաձայնության»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է այդ հայտարարությանն Ադրբեջանի արձագանքին, Շ. Քոչարյանն նշել է. «Ըստ էության Ադրբեջանը, Բաքուն հայտնվել է խուճապի մեջ, որովհետեւ նույն հայտարարության կարեւորագույն հատվածներից մեկը կայանում է նրանում, որ կրկին եւ շատ ավելի խիստ նշվում է հետեւյալը, որ ներկա իրավիճակը հետեւանք է այն ուժի կիրառման, որը ժամանակին եղել է եւ կրկին նոր ուժի կիրառումը կհանգեցնի նոր տառապանքների, նոր զրկանքների եւ միջազգային հանրությունը դա չի հանդուրժի: Ակնհայտ է, որ սա ակնարկ է Ադրբեջանի հասցեին, որը ուժի կիրառումով փորձում էր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, փորձում էր ռազմական ագրեսիայով, էթնիկ զտումներով լուծել այդ հարցը եւ այսօր դեռեւս շարունակում է սուր ճոճել»:
Ինչ վերաբերվում է Բաքվի՝ տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ադրբեջանը կրկին փորձեց սպառնալիքներ, անհույս, հուսահատ սպառնալիքներ տեղալ՝ դա անում է իրենց փոխվարչապետը: Ուրեմն ի՞նչ է նա պատասխանում այս՝ եռանախագահների շատ հստակ հասցեագրված հայտարարությանը: «Մենք այսօր էլ կարող ենք պատերազմ սկսել եւ ոչ ոք իրավունք չունի խառնվելու այդ գործին»: Դա պատասխան է երեք նախագահների հայտարարությանը: Հաջորդը՝ փորձում է արտգործնախարարությունը՝ նորից կտրված իրավիճակից ներկայացնելով ինչ-որ մի այլ բան: Հայկական ուժեր են դուրս գալիս, ինչ-որ համայնքներ են վերադառնում եւ այլն եւ այլն: Գիտեք այդ պահվածքը նմանեցնում է խլահավի՝ ռուսերեն` глухарь, վարքագծին: Այդ թռչունը, երբ երգում է, նա չի լսում ոչ մեկին:
Իսկ Ադրբեջանը անընդհատ ձանձրալի երգում է նույն երգը եւ հետեւաբար ոչինչ չի լսում: Գիտեք ես հիշեցնեմ, որ այդ վարքագծից՝ խլահավի, շատ լավ օգտվում են որսորդները: Ադրբեջանի համար ժամանակն է եկել, որ ինքը իջնի իրական դաշտ, չխեղաթյուրի այն ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, եթե դրան տեղյակ չէ հանրությունը նա դեռ կարող է առաջին հերթին մոլորության մեջ գցել սեփական ժողովրդին, ապա այն, ինչ որ սեւով սպիտակի վրա գրված է այս վերջին հայտարարություններում համանախագահների այնքան ակնհայտ է: Իրենք շարունակում են խեղաթյուրել»:



























