Սաուդյան Արաբիան եւ ՕՊԵԿ մյուս երկրները քննարկում են նավթի արդյունահանման ծավալների ավելի զգալի չափով կրճատելու հնարավորությունը՝ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի եւ դրա հետ կապված Եվրոպայի երկրներում նոր սահմանափակող միջոցներ մտցնելու պատճառով։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ ՕՊԵԿ երկրները նավթի արդյունահանման ծավալների կրճատումը դիտարկում են որպես միջոցառումներից մեկը՝ կապված նավթի ցածր պահանջարկի հետ։

Ալժիրի էներգետիկայի նախարար, ՕՊԵԿ համաժողովի նախագահ Աբդելմաջիդ Աթարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան եւ Իրաքը ՕՊԵԿ+ դաշինքի մյուս երկրներին առաջարկել են 2021 թվականի առաջին ամիսներին պահպանել նավթի արդյունահանման կրճատման ընթացիկ մակարդակը, այսինքն՝ արդյունահանումը չմեծացնել օրական 1,9 մլն բարելից, ինչպես նախատեսված էր նախնական ծրագրով։ 

ՕՊԵԿ+-ի նավթի արդյունահանման կրճատման մասին թարմացված համաձայնագիրը գործում է այս տարվա մայիսից։ Գործարքի առաջին փուլը, երբ դաշինքի երկրները արդյունահանումը կրճատել են օրական 9,7 մլն բարելով, ավարտվել է օգոստոսին։ Սեպտեմբերից եւ մինչեւ այս տարվա վերջ կրճատվելու է արդեն օրական 7,7 մլն բարել։ Իսկ հունվարի 1-ից սահմանափակումները պետք է կազմեն արդեն օրական 5,8 մլն բարել։ Համաձայնագիրը գործում է մինչեւ 2022 թվականի ապրիլ, դրա պայմանները կարող են վերանայվել 2021 թվականի դեկտեմբերին։