Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի ֆոնին դոլարի ամրապնդման պատճառով, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։ 

Նյույորքյան Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազել է 0,68 տոկոսով կամ 13,1 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1897,3 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 2,17 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 23,805 դոլարի։

Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղում) մեծացել է 0,33 տոկոսով՝ հասնելով մինչեւ 93,86 կետի։

ԱՄՆ-ում ընտրությունները շարունակում են մնալ չորեքշաբթիի հիմնական թեման։ Այս պահին ընթանում է ձայների հաշվարկը, եւ շուկաներն ակնդետ հետեւում են գործընթացին։ Ընտրական վերջին տեղամասերը փակվում են Երեւանի ժամանակով 10։00-ին։

Թրամփը զգալիորեն կրճատել է ըստ ընտրողների թվի Բայդենի հետ խզումը․ Fox News-ի կանխատեսմամբ՝ 204 ձայն 223-ի դեմ։ Հեռուստաալիքի կանխատեսումների համաձայն՝ Թրամփը հաղթում է առանցքային նահանգներում՝ Ֆլորիդայում եւ Տեխասում, ինչպես նաեւ, ըստ հաշվարկների, առաջատար է Վիսկոնսինում, Այովայում, Օհայոյում եւ խզումը մեծացրել է Փենսիլվանիայում։ Ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է 270 ընտրող։

Ընտրությունների արդյունքների անորոշության պարագայում դոլարը թանկանում է որպես հուսալի ակտիվ, ինչը նվազեցնում է ոսկու պահանջարկը։ Այն նույնպես ավանդաբար համարվում է անվտանգ ակտիվ եւ տարեսկզբից արդեն թանկացել է ավելի քան 20 տոկոսով՝ համավարակի հետ կապված ռիսկերի ֆոնին։ Սակայն թանկ դոլարը այլ արժույթ ունեցող ներդրողների համար ոսկին պակաս հասանելի է դարձնում։

Դոլարի եւ ոսկու համար մեկ այլ առանցքային գործոն կլինեն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի եւ Անգլիայի Բանկի հինգշաբթի կայանալիք նիստերը։ Ներդրողների համար կարեւոր են կորոնավիրուսի իրավիճակի վատթարացման լույսի ներքո տնտեսական ակնկալիքների վերաբերյալ կարգավորողների մեկնաբանությունները։