Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 28-ին` Հանրապետության տոնի առթիվ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Նախագահը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում, այցելել տեղի թանգարան:
Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է համերգով եւ ճաշկերույթով, որոնց մսանակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Միջոցառման մանակիցները միմյանց շնորհավորել են տոնի առթիվ, մաղթել, որ Հայաստանը ամրապնդի իր անկախություն ու պետականությունը, եւ որ ցանկացած հայ հպարտանա իր հզոր հայրենիքով:
Հիշեցնենք, որ այսօր մայիսի 28-ն է եւ Հայաստանը նշում է Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը: 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը:
Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը; 1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:




























