«Սուխումում դեռ ոչինչ հայտնի չէ Աբխազիայի տարածքում „Ազատություն“ ռադիոկայանի հեռարձակման մտադրության մասին: Խմբագրության ղեկավարներից ոչ ոք այդ հարցով չի դիմել Աբխազիայի համապատասխան կառույցներին»,- հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության եւ լրատվամիջոցների վարչության պետ Կրիստիան Բժանիան ու հավելել. «Միակ բանը, որ կարելի է այս դեպքում ասել, „Ազատություն“ ռադիոկայանի ապօրինի հեռարձակման փորձը օրենքի խախտում` այստեղից բխող բոլոր հետեւանքներով»:
«Մենք խիստ միջոցներ կձեռնարկենք, այդ թվում նաեւ տեխնիկական, ընդհուպ մինչեւ ռադիոազդանշանների խափանումը: Այդ հնարավորությունները մենք ունենք եւ այդ դեպքում „վրացա-ազատությունական“ սադրանքը ի չիք կդառնա»,- հայտարարել է նա: Դրանից զատ, ըստ Բժանիայի, ակնհայտ է, որ ռադիոկայանի վրացական խմբագրությունը «ակնկալում է այդ նախագծի անվան տակ որոշակի ֆինանսական միջոցներ ստանալ, բայց դա „Ազատություն“ ռադիոկայանի խնդիրն է: Թող ծախսեն ինչի վրա ուզում են»:
«Երեւում է, որ խմբագրության պրահյան պատուհանների տակ դեռ վատագույն տարիներն են, երբ ապօրինի ձեւով ռադիոներխուժում էին իրականացնում „թշնամու“ տարածք: Դա եղել է անցյալում՝ 20-րդ դարում, սառը պատերազմի ժամանակ»,- մեկնաբանել է Բժանիան:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ «Ազատություն» ռադիոկայանը պետք է հեռարձակվի նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, որի առաջին եթերը պետք է լինի նոյեմբերի 2-ին: «Հեռարձակումը պետք է լինի ամեն օր մեկ ժամ, ռուսերեն լեզվով, որը պետք է պատրաստի ռադիոկայանի վրացական խմբագրությունը: Հաղորդումները պետք է լինեն խաղաղությանը նպաստող եւ ներկայացնեն բոլոր կողմերի տեսակետները»,- ասել է «Ազատության» ներկայացուցիչ Լարիսա Բալանովսկան:




























