Հայաստանը 2021 թվականին Սեւանա լճի ջրի մաքրության չափանիշներ կսահմանի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ հաջորդ տարի, ինչպես եւ նախկինում, կշարունակվի մերձափնյա գոտիների մաքրումը թավուտներից:
«Այդ նպատակների համար 208 միլիոն դրամ կհատկացվի: Նույնքան կհատկացվի 2020 թվականին: Կշարունակվեն նաեւ այն շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք ժամանակին ապօրինաբար կառուցվել էին լճի մերձակայքում` դրա ապագա բարձրացման գոտում ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մ բարձրության վրա: Դրանք հիմնականում քոթեջներ եւ հանգստի այլ օբյեկտներ են: Ընդհանուր առմամբ կա մոտ 1700 այդպիսի շինություն, առաջիկա երկու տարվա ընթացքում դրանց ապամոնտաժման համար մոտ 1.5 միլիարդ դրամ կհատկացվի»,- ասաց փոխնախարարը: Հարցին, թե ինչու են բյուջեից ապամոնտաժման համար միջոցներ հատկացվում` կառուցապատողին ապօրինի կառույցը քանդել պարտավորեցնելու փոխարեն, պատասխան չկա:
Այս ամենի շնորհիվ, ինչպես նշեց Ղափլանյանը, ծառերի արմատները, թփերը եւ այլ օրգանական նյութերը չեն ճահճացնի ջուրը, ինչն այն ավելի մաքուր կդարձնի:
«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ոչ թե մոտավորապես, այլ հստակ չափորոշիչների հիման վրա վերահսկել լճի ջրի մաքրությունը, մանավանդ որ Սեւանը քաղցրահամ ջրի ռազմավարական աղբյուր է: Սա հաշվի առնելով` լճում ջրի մաքրության պահանջներն արդեն մշակվում են, որոնք շուտով հանրային քննարկման կներկայացվեն»,- շեշտեց փոխնախարարը:





























