Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը սեպտեմբերի 27-ից հետո հիմնարար փոփոխությունների է ենթարկվել: Ցավոք, այլեւս հնարավոր չէ վերադառնալ այն իրավիճակին, երբ Հայաստանը կարող էր համեմատաբար հանգիստ գոյություն պահպանել` նույնիսկ շրջափակման պայմաններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով` Անկարան, միջազգային ահաբեկչություն ներմուծելով, փորձում է մեր տարածաշրջանը կայուն անկայունության գոտի դարձնել, ինչպես` Մերձավոր Արեւելքը, եւ դա չի կարող չմտահոգել ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ տարածաշրջանի բոլոր երկրներին:
«Այս ֆոնին Ռուսաստանը միակ ուժը դարձավ, որն իրական ջանքեր է գործադրում Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու համար: Սա հաստատում է այն թեզը, որ հայ-ռուսական ամուր հարաբերությունները մեծ նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից»,- նշեց փորձագետը:
Ղուկասյանը հիշեցրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերը հզոր հարված հասցրին Սիրիայում գտնվող թուրքամետ զինյալների հենակետերին, իսկ Էրդողանի կոշտ արձագանքը ցույց է տալիս, թե որքան ցավոտ էր այդ հարվածն Անկարայի համար:
«Բացի այդ, Մոսկվան սպառնացել է Թուրքիային եւ Ադրբեջանին արգելել իրենց գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ինչը կարող է որպես ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին ակնարկ մեկնաբանվել: Այս ամենը Ռուսաստանի կողմից ձեռնարկվածի միայն տեսանելի մասն է»,- պարզաբանեց քաղաքագետը:
Նա հայտարարեց, որ անտրամաբանական է հակամարտությանն անմիջական ռազմական միջամտություն ակնկալել Ռուսաստանից, քանի դեռ այն չի անցել բուն Հայաստանի տարածք: «Դա Թուրքիայի անմիջական ռազմական ներգրավմանը կհանգեցներ, ինչը Մոսկվայի համար ոչ թե պարզապես ռազմական բախում կնշանակեր խոշոր տարածաշրջանային տերության, այլ նաեւ` ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ: Բոլոր խաղացողների, այդ թվում` Հայաստանի շահերից է բխում խուսափել նման սցենարից, հակառակ դեպքում մեր երկիրը կարող է արտաքին ուժերի ռազմական դիմակայության գոտի դառնալ»,- շեշտեց կուսակցության ղեկավարը:
Արման Ղուկասյանը նաեւ նշեց, որ ինչպես ցույց է տվել այս պատերազմը Ղարաբաղում, այլ խոշոր միջազգային խաղացողներ պատրաստ չէին էականորեն օգնել Հայաստանին` կա՛մ տարածաշրջանից հեռու լինելու, կա՛մ իրենց խնդիրներով զբաղված լինելու, կա՛մ Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների պատճառով. «Ցավոք, կարելի է փաստել, որ շատ տերություններ, եթե այնտեղ մեծ հայկական սփյուռք չլիներ, դժվար թե լրջորեն արձագանքեին պատերազմին Ղարաբաղում»:
Փորձագետը շեշտեց, որ այժմ անհրաժեշտ է գործարկել Ռուսաստանի հետ հաղորդակցման բոլոր ուղիները` դիվանագիտական, միջկուսակցական, բիզնեսի եւ սփյուռքի կառույցների միջոցով, որպեսզի ոչ թե պարզապես հասնել Ռուսաստանի` Հայաստանին տրամադրվող աջակցության մեծացմանը, այլեւ հարաբերությունների երկարաժամկետ բարելավմանը Մոսկվայի հետ:
«Հայաստանը պետք է Մոսկվայի համար վերականգնի մեր` որպես Ռուսաստանի համար բարեկամ կառավարության իմիջը: Մենք Ռուսաստանի աջակցության կարիքն ունենք ոչ միայն հիմա, այլ նաեւ` առաջիկա տասնամյակների ընթացքում, քանի որ ոչ վաղը, ոչ մեկ-երկու տարի հետո Բաքվի եւ Անկարայի սպառնալիքները ոչ մի տեղ չեն կորելու»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային զենքի եւ ավիացիայի կիրառմամբ հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով Արցախի ու Հայաստանի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը:




























