Հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանին նոր իմաստ կհաղորդի եւ կբարձրացնի Հայաստանի դերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անհրաժեշտ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Բաղդասարյանը նկատել է, որ այս երկու պետությունների միջեւ հարաբերություններ այնպես էլ գոյություն ունեն, քանի որ շաբաթը երկու անգամ ինքնաթիռները թռիչք են իրականացնում դեպի Թուրքիա, եւ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի 130 հազար քաղաքացի սահմանը անցել են օդային ճանապարհով, ինչպես նաեւ այսօր այնտեղ բնակվում է 70-80 հազար հայ ։ Նա համոզված է, որ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը թույլ կտա պաշտպանել իրենց իրավունքները։
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նաեւ տվյալներ, որի համաձայն 2008 թվականին ներմուծումը՝ Թուրքիայից Հայաստան կազմել է 289 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 1,8 միլիոն։ Նա հիշեցրել է, որ «Օրինած երկիր» կուսակցությունը միշտ կողմ է եղել, որ բոլոր երկրների հետ հաստատվեն լավ հարաբերություններ։




























