Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում, հանդիպելով Սփյուռքի ներկայացուցիչների հետ, հայտարարել է, թե համահայկական ուղեւորության ընթացքում հանդիպումների մասնակիցներին ամենուրեք կոչ է արել բազմապատկել ջանքերը Հայաստանին քաղաքականապես, տնտեսապես ու ամեն կերպ զորակցելու ուղղությամբ:

«Ես կոչ եմ արել չթուլացնել, ընդհակառակը՝ ավելացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Աշխարհում չկա մեկ հայ, որ երկրորդ կարծիք ունենա Ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այսպիսի միասնականությունը կարող է սարեր շարժել եւ, որքան էլ որոշ թուրք ղեկավարներ փորձեն մեր հայրենակիցների շահագրգիռ վերաբերմունքը, մեր երկրի նկատմամբ սրտացավությունը ներկայացնել որպես պարտադրանքի փորձ, դա նրանց չի հաջողվի: Նրանց չի հաջողվի սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

»Ես նախաձեռնեցի այս ուղեւորությունը, որովհետեւ ունեմ աշխարհասփյուռ մեր քույրերի եւ եղբայրների սատարման կարիքը: Ընդ որում՝ այդ սատարումը պարտադիր չէ, որ արտահայտվի նախաստորագրված արձանագրություններին միաձայն հավանություն տալու ձեւով: Շատ ավելի կարեւոր է մեր ժողովրդի ոգին, հավաքական հիշողությունն ու գործելու պատրաստակամությունը",- նկատել է նա:

«Ես այս մեկ շաբաթվա ընթացքում տեսա բազմաթիվ հայերի, ովքեր ապրում են աշխարհի ամենատարբեր անկյուններում, անդամակցում տարբեր կուսակցությունների կամ անկուսակցական են, ովքեր սովորում են կամ ավարտել են աշխարհի լավագույն բուհերը, եւ նրանց, ում ուսումը միջնակարգ է կամ նույնիսկ թերի միջնակարգ: Կային տարբեր կարողության, տարբեր աշխարհընկալման, տարբեր համոզմունքների տեր մարդիկ: Կային ինձ սատարողներ եւ համոզված ընդդիմախոսներ: Բայց մեզ բոլորիս միավորում էր մեկ բան` անսահման սերը դեպի մեր Հայրենիքը, մեր անկեղծ ցանկությունը, որ մեր երկիրը ներկայանա արժանապատիվ կերպով, լինի պաշտպանված բոլոր վտանգներից, եւ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Եւ վստահեցնում եմ Ձեզ, որ դրա ճանապարհը առաջընթացն է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահը Դոնի Ռոստովում էր գտնվում համահայկական շրջագայության շրջանակներում: Մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը եղել է Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում: Հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: