Մայիսի 27-ին կաշառք վերցնելու փաստով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան բռնել են 2500 դոլար կաշառք վերցնելու պահին: Վերջինս այդ գումարով փորձել է օրինականացնել Գ. Էմինի փողոցում գտնվող մի ապօրինի կառույց:
Քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատելով տեղի ունեցածն, ասել է. «Քաղաքապետարանը դատապարտում է նման երեւույթները եւ մեղավորներն օրենքով սահմանված կարգով կստանան իրենց պատիժը»:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է քաղաքապետարանում: Դեռեւս ապրիլին կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր քաղաքապետարանի աշխատակազմի եւ ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը:



























