Արեւմտյան Մակեդոնիայի շրջանի ֆերմաներից մեկում ջրաքիսները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Հունաստանի Capital.gr տնտեսական պորտալը` վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարարությունը: Ստուգումներ են իրականացվում նաեւ երկու այլ ֆերմայում, որտեղ աշխատողներ են վարակվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունաստանի մորթիների ֆեդերացիայի նախագահ Դիմիտրիս Կոսմիդիսը պորտալի հետ զրույցում եւս հաստատել է Կաստորիա արվարձանում գտնվող ֆերմայում ջրաքիսների վարակման դեպքը: Նրա խոսքով` այժմ ֆերմաներում կենդանիների հավելյալ լաբորատոր փորձարկումներ են անցկացվում: Ընդ որում, Կոսմիդիսը պարզաբանել է, որ ջրաքիսների վարակման եւ մարդկանց մոտ հայտնաբերված վարակման դեպքերի միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել: Ուրբաթ առավոտից Հունաստանի արեւմուտքում գտնվող ֆերմաների աշխատողները թեստեր են հանձնում:
Հունաստանում եւ առաջին հերթին` Արեւմտյան Մակեդոնիայի շրջանում ներկայումս 90 ֆերմա կա, որոնք տարեկան 1.2 միլիոն ջրաքիս են բուծում: Ոլորտը, որտեղ ավելի քան 600 մարդ է աշխատում, չմշակված մորթի է եւ կաշի է արտահանում Դանիայի եւ Ֆինլանդիայի աճուրդներ: Այն երկրին տարեկան ավելի քան 150 միլիոն եվրո է բերում:
.





























