Գերմանացիներին կոչ են արել պատրաստվել եւս 4-5 ամիս կոշտ սահմանափակումների՝ կորոնավիրուսով վարակումների թվի աճը դադարեցնելու համար: Այս մասին Bild պարբերականի հետ զրույցում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը:
Գերմանիան այսպես կոչված «թեթեւացած կարանտին» է մտցրել, որպեսզի զսպի պանդեմիայի երկրորդ ալիքը: Այժմ փակ են ռեստորանները, դպրոցներն ու խանութները:
Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիայում կիրակի վարակումների թիվն ավելացել է 16 947-ով՝ հասնելով 790 503-ի:
Ալթմայերն ասել է, որ Գերմանիան պետք է զգուշանա սահմանափակումների արագ թուլացումից: «Եթե մենք չենք ցանկանում ունենալ օրական 50 000 նոր դեպք, ինչպես դա եղավ Ֆրանսիայւմ մի քանի շաբաթ առաջ, պետք է մտածենք, թե որ միջոցները կարելի է կրկին մեղմել»,-ասել է նա:





























