Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը եւ համաշխարհային տնտեսության աշխուժացումը կհանգեցնեն դոլարի փոխարժեքի անկման, կանխատեսում են Citigroup-ի վերլուծաբանները, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Bloomberg-ին:

Ընկերությունը հաջորդ տարի կորոնավիրուսի պատվաստանյութի տարածման դեպքում կանխատեսում է դոլարի փոխարժեքի 20% անկում: Դա կհանգեցնի համաշխարհային առեւտրի եւ տնտեսական աճի վերականգնմանը: Մեկ այլ գործոն, որը կազդի ամերիկյան արժույթի փոխարժեքի վրա, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մեղմ քաղաքականությունն է: Ցածր տոկոսադրույքների պատճառով ներդրողները ստիպված կլինեն ամերիկյան ակտիվներից գնալ դեպի միջազգայինները։

Bloomberg-ը նշում է, որ դոլարի ինդեքսը նվազում է համաշխարհային խոշոր արժույթների նկատմամբ` մարտի գագաթնակետերի համեմատ: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները ուշադրություն են դարձնում յենի եւ գանձապետական պարտատոմսերի արժեզրկմանը:

«Այսօր դոլարը կարող է կրկնել այն ուղին, որով անցել է սկզբից մինչեւ 2000-ականների կեսերը»,- ասել են Citigroup-ի մասնագետները:

Խոսքը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Չինաստանի անդամակցությունից հետո դոլարի երկարաժամկետ արժեզրկման մասին է։ Սա գլոբալիզացիայի ալիք է առաջացրել եւ մեծացրել է համաշխարհային առեւտրի ծավալը՝ հետ թողնելով ԱՄՆ-ի փակ տնտեսությունը: