Կալիֆորնիայի նահանգի իշխանությունները մտադիր են նորից խստացնել սանիտարական միջոցառումները` կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի պատճառով: Այս մասին ասվում է նահանգապետ Գեվին Նյուսոմի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նա նշել է, նահանգում շտապ կարգով դադարեցվել է համավարակի պատճառով ավելի վաղ սահմանված սահմանափակումների վերացման ծրագրի իրականացումը: «Կալիֆորնիան մեր երբեւէ գրանցած [վարակման դեպքերի] թվի ամենաարագ աճն ունի` ավելի բարձր, քան համավարակի սկզբում կամ նույնիսկ ամռանը: Եթե ​​մենք չդադարեցնենք [կորոնավիրուսի պատճառած հիվանդության] COVID-19-ի տարածումը, ապա մեր առողջապահական համակարգն արագ կդադարի գործել, դա աղետալի հետեւանքների կհանգեցնի»,- ընդգծել է նահանգապետը:

Նյուսոմը կարգադրել է հետաձգել մի շարք ձեռնարկությունների վերաբացումը, դպրոցների մեծ մասը փակ կլինի, շատ հաստատություններում կարգելվի հաճախորդների սպասարկումը տարածքներում: Նահանգապետը հայտարարել է որ նահանգի բոլոր բնակիչները տնից դուրս պետք է դիմակներ կրեն: Այս միջոցառումներն ուժի մեջ են մտնում երեքշաբթի օրվանից: Ակնկալվում է, որ դրանք կչեղարկվեն, երբ վիրուսի տարածման դանդաղեցում գրանցվի:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տրամադրած տվյալների հիման վրա` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 11.18 միլիոն դեպք եւ մահացել է ավելի քան 247.1 հազար մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրն առաջին տեղում է աշխահում: Կալիֆորնիայում ավելի քան 1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 18.2 հազար մարդ մահացել է: