Ոսկու` որպես «պաշտպանական» ակտիվի արժեքը երեքշաբթի առավոտյան մեղմ կերպով նվազում է` ընդհանուր շուկայական լավատեսության ֆոնին, որն առաջացրել են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի մասին լուրերը, վկայում են աճուրդի տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.11 տոկոսով կամ 2.15 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1885.65 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսները միաժամանակ նվազել են 0.04 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.8 դոլար:
Ոսկու գնի վրա ճնշում են գործադրում կենսատեխնոլոգիական հսկա Moderna ընկերության նորությունները: Ընկերությունը երեկ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի արդյունքները 94.5 տոկոս արդյունավետություն են ցույց տվել:
Պատվաստանյութերի մշակման ոլորտում առաջընթացի մասին լուրերը խթանում են ներդրողների հետաքրքրությունը ռիսկային ակտիվների նկատմամբ եւ ստիպում են հրաժարվել ավելի հուսալի ոսկի գնելուց:




























