Լոս Անջելես շրջանը երեքշաբթի բիզնեսի համար նոր սահմանափակումներ է մտցրել եւ պատրաստում է պարտադիր պարետային ժամ սահմանելու ծրագիր, որը կվերաբերի բոլորին, բացի արտակարգ ոլորտի աշխատակիցներից, հայտնում է Associated Press-ը։
Շրջանում, որի բնակչությունը կազմում է մոտ 10 մլն մարդ, նախորդ երկու շաբաթվա ցուցանիշների համեմատ ավելի քան 2 անգամ աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը՝ հասնելով միջինը 2900-ի։ Հոսպիտալացված պացիենտների թիվը հասել է 1100-ի, ինչը 30 տոկոսով ավելի շատ է, քան երկու շաբաթ առաջ։
Լոս Անջելես շրջանը, որին բաժին է ընկնում Կալիֆոռնիա նահանգում վարակումների բոլոր ցուցանիշների անհամեմատ մեծ մասը, նոր սահմանափակումներ է մտցրել, որոնք առաջին կարեւորության մանրածախ առեւտրի ձեռնարկությունների համար նախատեսում են հաճախորդների տարողությունը սահմանափակել մինչեւ 25 տոկոսով, իսկ ռեստորանների համար՝ մինչեւ 50 տոկոսով բացօթյա լինելու դեպքում։ Ռեստորաններին արդեն արգելվել է փակ տարածքում հաճախորդների սպասարկումը։
Այս բոլոր ձեռնարկությունները պետք է փակվեն 22:00-ին։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ուրբաթ։
Դրանից բացի, վարսահարդարման սրահներում ծառայություններ կարող են մատուցվել միայն նախնական գրանցմամբ, իսկ հաճախորդներն ու անձնակազմը պետք է դիմակ կրեն։ Արգելված է կոսմետոլոգիական ծառայությունների մատուցումը։
Բոլոր հավաքները պետք է անցկացվեն բացօթյա։ Մասնակիցների առավելագույն թիվն է 15 մարդ։





























