Այսօր «Երիտասարդական» մետրոյի մոտ «Միացում» նախաձեռնության ակտիվիստները, Իսահակյան արձանի դիմաց տեղադրել էին սեղան ու ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների եւ մադրիդյան սկզբունքների, ստորագրահավաք էին իրականացնում: Նրանց կողքին կար նաեւ ցուցապաստառ, որի վրա գրված էր. «Ոչ հայ-թուրքական արձանագրություններին, ոչ Մադրիդյան սկզբունքներին»: Նրանք ստորագրողներին փոքրիկ թերթիկներ էին տալիս, որոնք վրա գրված էր հայ-թուրքական արձանագրություններ եւ որոնք մարդիկ այրում էին փոքրիկ մոմերի օգնությամբ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին պատմեց այս նախաձեռնության ակտիվիստներից Աշոտ Միսակյանը, ով նաեւ ՀԱԿ-ի անդամ է, այդ ընթացքում իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ, որոնց թվում նաեւ մեկ մայոր: «Այդ մայորը առաջինը հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա Դաշնակցության ակցիան է, թե` ոչ: Իմանալով, որ դա ՀՅԴ-ի հետ կապ չունի, այդ մայորը հեռախոսով խոսեց ինչ-որ մեկի հետ, ապա նորից մոտեցավ: Նա հայտարարեց, թե մեր պաստառը խանգարում է, պետք է վերացնենք, հետո արգելեցին մոմերը վառել, ապա նաեւ առգրավեցին մոմերը: Ավելի քան 20 ոստիկաններ էին հավաքվել ու հայտարարում էին, որ ոնց ասենք նենց է լինելու, դավայ ստուց»,- պատմեց նա, հավելելով, որ այդ ընթացքում ոստիկաններին է միացել նաեւ Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը: Ոստիկաններից մեկն իրենց գործողությունները բացատրել է, ասելով. «Դուք վիրավորում եք մեր ազգային արժանապատվությունը»:

«Միացում» նախաձեռնության այս ակցիային ավելի ուշ միացել է նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա ներկայությամբ, ոստիկանները փորձել են երկրորդ անգամ վերցնել դեռեւս սեղանին մնացած միակ մոմը, բայց Զ. Փոստանջյանը դա թույլ չի տվել: Նշենք, որ այն տեւել է մինչեւ երեկոյան ժամը 20-ը: Իսկ վաղը նմանատիպ ակցիա է կազմակերպվելու արդեն «Բարեկամություն» մետրոյի մոտ: