Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին փորձեց բացատրել, թե ինչու է իր երկրի խորհրդարանը ճանաչել չերքեզների ցեղասպանությունը։ «Այդ թեման պարզաբանումներ է պահանջում»,-մայիսի 31-ի Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց դիվանագետը։
Սկզբի համար, դեսպանը հիշեցրեց, որ չերքեզների ցեղասպանության ճանաչման հարցը չեն նախաձեռնել ոչ Վրաստանի նախագահը, ոչ կառավարությունը։ Նախաձեռնությունը ծնվել է խորհրդարանում եւ ընդունվել է։ «Ինչո՞ւ այդքան հապշտապ»,- հարց տվեց դեսպանը եւ պատասխանեց. «Որովհետեւ չերքեզները ոչնչացման եզրին են, իսկ որոշ ցեղեր անվերադարձ կորել են»։ Դեսպանը նաեւ ենթադրեց, որ, ամենայն հավանականությամբ, օրենսդիր մարմնում մտածել են, որ հարցը չի կարելի հետաձգել։
Ինչ վերաբերում է Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա այդ հարցը դեսպանը չմեկնաբանեց՝ նշելով, որ նման հայտարարություն պետք է անի խորհրդարանը։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ճանաչել էր չերքեզների ցեղասպանությունը։




























