Չնայած Միացյալ Նահանգները եւ մյուս խոշոր տնտեսությունները երրորդ եռամսյակում տնտեսական լավ ցուցանիշներ են ցույց տվել, քան ակնկալվում էր, ներկայումս կորոնավիրուսի դեպքերի թվի մեծացման պատճառով աշխարհում նկատվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։

Նրա խոսքով՝ պատվաստանյութերի ոլորտում զգալի առաջընթացը «վիրուսը հաղթահարելու հույս արթնացրեց, որը խլել է միլիոնից ավելի կյանքեր»։

ԱՄՀ-ն անցյալ ամիս կանխատեսել էր, որ համաշխարհային տնտեսությունը կկրճատվի պատմական 4,4 տոկոսով, այնուհետեւ կսկսվի մասնակի եւ ոչ հավասարաչափ վերականգնումը, իսկ հաջորդ տարի համաշխարհային աճը կկազմի 5,2 տոկոս։

«Չնայած հորիզոնում է հայտնվել խնդրի բժշկական լուծումը, տնտեսության առաջընթացը շարունակում է մնալ բարդ եւ ենթակա է անհաջողությունների»,- ասել է Գեորգիեւան։ Նրա խոսքով՝ շարունակում են մնալ մեծ թվով ռիսկեր, այդ թվում՝ սպառնալիքը, որ նոր բռնկումները կարող են պահանջել ավելի խիստ լոքդաուններ։

Իրադարձությունների այդպիսի զարգացումը կնշանակի, որ «աճն ավելի ցածր կլինի, պետական պարտքը՝ ավելի մեծ, իսկ երկարաժամկետ հեռանկարում տնտեսության սպիները՝ ավելի լուրջ»։

Գեորգիեւայի խոսքով՝ կարեւոր է, որ կառավարությունները խուսափեն տնտեսական աջակցության վաղաժամ դադարեցումից։ Նա խոշոր տնտեսությամբ երկրներին խորհուրդ է տվել քննարկել ենթակառուցվածքներում համաժամանակյա ներդրումների հարցը՝ որպես աշխատատեղեր ստեղծելու միջոց։ «Էությունն այն է, որ մենք կարող ենք ստեղծել աճի խթան, աշխատատեղեր եւ ավելի արդյունավետորեն կպայքարենք կլիմայի փոփոխությունների դեմ, եթե միասին աշխատենք»,- նշել է նա։