Վրաստանի իշխանությունները անում են եւ կանեն ամեն ինչ Ջավախքի զարգացման համար: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին: Խոսելով Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի խնդիրների մասին` դեսպանը համաձայնվել է, որ նման խնդիրներ կան երկրի բարձր լեռնային բոլոր շրջաններում: Նրա խոսքով, եթե համեմատում ենք իրավիճակը Ջավախքում մյուս շրջանների հետ, պարզ է դառնում, որ դրանք ընդհանուր են. «Բարձրլեռնային շրջաններում բնակչությունն ավելի աղքատ է, քան ափամերձ հատվածներում, որտեղ ցիտրուսային բույսեր են աճում»:

Տարածաշրջանի խնդիրների լուծման համար հարկ է իրացնել մի շարք ծրագրեր, եւ այդ հարցում վրացական կողմը ակնկալում է հայ գործարարների եւ ներդրողների ակտիվությունը:

Միեւնույն ժամանակ Շարմանիշվիլին լավ հասկանում է, որ առանց աշխատատեղերի ստեղծման, միայն սոցիալական ծրագրերով խնդիրները չեն լուծվում: Որպես օրինակ նա նշել է Ախալքալաքում գարեջրի գործարանի շինարարությունը, որը 400 աշխատատեղ կստեղծի: