Դաքարի իշխանությունները ձկնորսներին արգելել են ծով դուրս գալ անհայտ մաշկային հիվանդության բռնկումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sama Radio Dakar-ին:
«Վարակման առաջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 12-ին: Այդ պահից ի վեր օգնության է դիմել մոտ 170 մարդ: Հիվանդների հիմնական մասն ապրում է Տյարուա-սյուր-մեր թաղամասում, որտեղ շատ են ներգաղթյալները»,-ասել է Դաքարի Մբաո շրջանի գլխավոր բժիշկ Դիամբոն Նդուրը:
«Շատ պացիենտներ բողոքում են քորից, գլխացավից եւ աչքերի բորբոքվածությունից»,-հավելել է նա:
Երկրի ափամերձ ջրերում ձկնորսությունը գրեթե 90 հազար ձկնորսների եկամտի հիմնական աղբյուրն է: Երկրում կա մինչեւ 15 հազար ձկնորսական նավ: Սենեգալը Արեւմտյան Աֆրիկայում ձկան խոշորագույն արտահանողներից է:





























