Կառավարությունում այսօր` մայիսի 31-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստում քննարկվել եւ հաստատվել է ծրագրի աուդիտի խորհրդատուի ընտրության արդյունքները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդի անդամների հավանությանն են արժանացել Երեւան-Արարատ ճանապարհի մաս կազմող Երեւան-Արտաշատ 19 կմ ճանապարհային հատվածի նախագծի փոփոխությունների հետ կապված «Էջիս Բիսիոմ» կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Երեւան-Արարատ ճանապարհի մաս կազմող Արտաշատ-Արարատ հատվածի նախագծի լրամշակման խորհրդատուի ձեռքբերման հարցերը:

Մեկ այլ հարցով խորհուրդը որոշում է ընդունել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական պաշտպանության, վերաբնակեցման եւ բնապահպանության բաժնի վերաբնակեցման մասնագետի, ինչպես նաեւ շահառուների հետ խորհրդակցությունների եւ հասարակայնության հետ կապերի մասնագետի թափուր հաստիքների համալրման մրցույթ հայտարարելու մասին:

Նիստում հաստատվել են նաեւ Ծրագրի 2-րդ տրանշի շրջանակում օտարման ենթակա հողի ու գույքի ճշգրտման եւ գնահատման խորհրդատվական ծառայությունների իրականացման պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տրանշերը նախագծող խորհրդատուի` «Էջիս Բիսիոմ» կազմակերպության կողմից պայմանագրի փոփոխության կարգադրագիր ընդունելու առաջարկությունները:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, որոշվել է կառավարման խորհրդի քարտուղար նշանակել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցչին: