Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 31-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին, ովքեր տարբեր երկրներից Երեւան են ժամանել օգոստոսին համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է Կոմիտեի անդամներին, ընդգծել նրանց կողմից կատարվող աշխատանքի կարեւորությունը հատկապես հիմա, երբ եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփյուռքում խոսվում է հայության ընդհանուր ներուժն օգտագործելու, ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համահայկական 5-րդ խաղերին` նշելով, որ սպորտը միավորելու, համախմբելու մեծ ներուժ ունի, եւ այն պետք է լավագույնս օգտագործել:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ այդ գաղափարը «Միացում սպորտով» նշանաբանով դրված է նաեւ Համահայկական խաղերի անցկացման հիմքում ու իրենք ամեն ինչ կանեն 5-րդ խաղերը եւս պատշաճ կազմակերպելու եւ նշված նպատակին ծառայեցնելու համար:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են Կոմիտեի երեկվա նիստում ընդունված որոշումները, ընթացիկ գործունեությունն ու առկա խնդիրները, նաեւ՝ դրանց լուծման ուղիները:




























