Թուրքական Radikal օրաթերթի թղթակից Հաքքը Օզալը հայ եւ թուրք լրագրողների հետ կատարած համատեղ ավտոբուսային շրջագայության հետ կապված հերթական հրապարակման մեջ անդրադարձել է հայաստանյան շրջագայությանը։
«Երեւանը Հայաստանի ամենազարգացած, ավելի ճիշտ՝ միակ զարգացած քաղաքն է։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Գյումրին է, որն ունի գեղեցիկ ճարտարապետություն։ Սակայն այն դեռ 1988-ի երկրաշարժի արհավիրքից դեռ չի ազատվել։ Երեւանի համեմատ այն ավելի համեստ քաղաք է։ Հայաստանի տարածքում բնությունն ու եղանակը շատ տարբեր են։ Ճանապարհին լեռնային մի հատվածից մտնում ես թունել եւ դուրս գալիս մի հարթ եւ կանաչ դաշտավայր։ Կարծես բնությունը «Հայաստան կախարդանք» է անում։ Հայաստանում ձյուն էլ տեսանք, 32 աստիճան ջերմություն էլ։ Երեւանից բացի մյուս քաղաքներն աչքի էին ընկնում տնտեսական անհամաչափ զարգացվածությամբ եւ աղքատությամբ։
Սովետական միության քանդվելուց հետ էլ կրկին շարունակում են խնդիրներ մնալ կաշառակերությունն ու անօրինականությունները։ Սակայն այդ քաղաքների տնտեսական հետամնացության մեջ մեծ է Թուրքիայի հետ փակ սահմանի գործոնը։ Մեծ բնակչությամբ եւ տնտեսական պոտենցիալով Թուրքիան հայկական քաղաքների համար կարեւոր բիզնես միջավայր կարող է դառնալ։ Այդ պատճառով սկսված հայ-թուրքական երկխոսությունը ամբողջ երկրի համար դարձել էր հետաքրքրության կենտրոն։ 2010-ին Թուրքիայի կողմից Ղարաբաղի խնդիրը նախապայման դնելու հետեւանքով արձանագրությունները առկախվեցին՝ հիասթափություն առաջացնելով։ Փողոցներում հանդիպած ցանկացած անցորդ այդ թեմայի շուրջ բավական տեղեկություններ ուներ։ Գուցե պատմական խնդիրը հաղթահարելու համար երկար ժամանակ պահանջվի, սակայն իհարկե, չի կարող սահմանի բացումն այդքան դժվար լինել...»,-նշել է Հաքքը Օզդալը՝ հրապարակման մեջ հիշատակելով հայաստանյան շրջագայության ժամանակ իրենց էքսկուրսավար Միքայել Հովհաննիսյանին՝ գովելով նրա գիտելիքներն ու Հայաստանը ներկայացնելու ոգեւորությունը։




























