Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 8-ի երեկոյան Քիշնեւում երկարատեւ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը: Հանդիպումն անցել է Մոլդովայում ԱՄՆ դեսպանատանը: Ինչպես երկու նախագահների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, նախագահների զրույցը «լուրջ եւ կառուցողական է եղել»:
Ռուսաստանցի համանախագահի խոսքերով, ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ «այնքան էլ շատ հարցեր չկան, որոնց շուրջ փոխհամաձայնութան չեն հասել»: Մերզլյակովը նշել է, որ նախագահները քննարկել են այն հարցերը, որոնց շուրջ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Իր հերթին Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ՝ ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Բրադկեն նկատել է, թե նախագահները «լրջորեն քննարկել են նշված խնդիրը», իսկ բանավեճի ընթացքում «ընդունվել են կողմերի որոշակի առաջարկները, որոնք կմտնեն հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթի մեջ»:
Բրադկեն նաեւ նշել է, թե Քիշնեւի հանդիպման կարեւորագույն արդյունքներից մեկը երկու նախագահների պայմանավորվածությունն է առաջիկայում կրկին հանդիպել: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը նշել են «բանակցություններում առկա դրական դինամիկան»: Հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Ալիեւը «տող առ տող անցան ողջ փաստաթղթի վրայով»,- ամերիկյան դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրել են առաջարկները ներառել Մադրիդյան փաստաթղթում: «Փաստաթղթի հիմնական սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, եւ նախագահները համաձայն են դրան»,- ասել է Բրադկեն:
Հանդիպումը տեւել է մոտ 3,5 ժամ՝ նախատեսված 2-ի փոխարեն: Այնուհետ բանակցությունները շարունակել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:




























