2011թ. հունվար-մարտին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումները կազմել են 130.6 մլն. դոլար, որը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 19.5 տոկոսով; Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ռուսական ընկերությունները ակնհայտորեն նվազեցրել են հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչի հետեւանքով այդ երկրից ներդրումները նվազել են մոտ 56 տոկոսով: Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում ռուսական ընկերությունները Հայաստանում ներդրել էին 52 մլն դոլար, ու դա ընդհանուր ներդրումային հոսքերի մոտ մեկ երրորդն էր, ապա 2011 թ. առաջին եռամսյակում այդ թիվն իջել է մինչեւ 14 մլն դոլար (ներդրումային հոսքերի մոտ 15 տոկոսը): Ռուսական ներդրումները էական նվազում են արձանագրել հատկապես էներգետիկայի ոլորտում` մոտ 4.7 անգամ:

Արդյունքում` 2011 թ. Հայաստանում խոշորագույն օտարերկրյա ներդրողը Ռուսաստանի փոխարեն դարձել է Ֆրանսիան, որի ներդրումներն աճել են 12 տոկոսով եւ կազմել 38 մլն դոլար: Ընդ որում` ֆրանսիական ներդրումների մոտ 95 տոկոսն ուղղվել է դեպի հեռահաղորդակցություն, այսինքն` հիմնականում պայմանավորված է «Օրանժ Արմենիայի» գործունեությամբ:

Ներդրումային հոսքերի արտառոց աճ է արձանագրել Կանադայից` 54.8 անգամ: Աճի նման բարձր տեմպը հիմնականում պայմանավորված է ներդրումների ցածր մակարդակով` ընդամենը 6.5 մլն դոլար, այն էլ` մեծամասամբ անուղղակի ներդրումների տեսքով: Կանադական ընկերություններից մեկը պարզապես ներդրում է իրականացրել մետաղական հանքավայրերից մեկում:

Ներդրումների 5.6-անգամյա աճ է արձանագրվել ԱՄՆ-ից` ընդամենը 8.2 մլն դոլար: Ամերիկյան ներդրումները հիմնականում ուղղված են դեպի սննդամթերքի արտադրություն:

Գերմանիան եւ Արգենտինան, որ ավանդաբար համարվում են Հակյաստանի խոշորագույն ներդրողները, 2011 թ. պասիվացել են: Գերմանական ներդրումները նվազել են 16 տոկոսով եւ կազմել 12 մլն դոլար: Առավել մեծ է անկումը Արգենտինայի մասով` մոտ 90 տոկոս: Այս անկումը հիմնականում պայմանավորված է օդային տրանսպորտի ոլորտում արգենտինական ներդրումների գրեթե բացակայությամբ: Սակայն փոխարենը այդ ոլորտում խոշոր ներդրումներ է իրականացրել Մեծ Բրիտանիան: Հավանաբար` արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը փոխել է իր գրանցման երկիրը:

 

Սամվել Ավագյան