ՀԱԿ-ի ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մեկնաբանել է մայիսիսի 31-ի ՀԱԿ-ի հանրահավաքում իր վարքը, երբ համաներմամբ ազատ արձակված Արա Հովհաննիսյանի հարթակ բարձրանալուն պես, նրան հանցագործ է անվանել եւ պահանջել իջնել հարթակից:

Ավելի վաղ նշվել էր, որ ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքում, երբ Նիկոլ Փաշինյանը հարթակ է հրավիրել նախկին քաղբանտարկյալներ Շմավոն Գալստյանին եւ Արա Հովհաննիսյանին, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին բացականչել է` «Հովհաննիսյան, հեռացիր», «Հանցագործ, իջիր հարթակից»: Այդ ժամանակ ելույթ ունեցող ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը ելույթը չի ընդհատել, փոխարենը Գասպարիին է մոտեցել Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հանդարտեցնել նրան: Պարզվել է, որ Գասպարին ու Արա Հովհաննիսյանը նույն խցում են նստել եւ միջանձնային խնդիրներ են ունեցել:

Այսօր` հունիսի 1-ին, Վարդգես Գասպարին Facebook-ի իր էջում այս առնչությամբ նշել է, որ իրեն հունից հանել է այն փաստը, որ այլ քաղբանտարկյալների հետ միասին հարթակ է բարձրացել եւ «մեծարվել» Արա Հովհաննիսյանը, ով, «ընդամենը քրեական տարր է, այլ ոչ՝ քաղբանտարկյալ»:

«Այդ ժամանակ խուցը նայողն էր ոմն Արայիկ Հովհանիսյանը` նարկոման, գող - ավազակ, բառացիորեն փալաս էակ, (ի դեպ ընդգրկված քաղբանտարկյալների ցուցակում), որը ավելի ճղճիմ եւ անմարդկային էակ էր, քան իմ տեսած այլ խուց նայողները: Կալանավորին նվաստացնելիս սահման չէր ճանաչում: Վերջերս անցել էր ամենաստոր տարբերակին, մի կալանավորի տղամարդու արժանապատվությունը նվաստացնելու տարբերակին: Այսպիսի իրավիճակում նրա համար ամենամեծ պրոբլեմը ես էի, որի պատճառով էլ հաճախակի էր դարձել մեր ընդհարումը»,- նշել է Գասպարին: