Եթե հայերի համար զորավար Անդրանիկն ազգային արժեք է եւ ուզում են կանգնեցնել նրա հուշարձանը, ապա թող դա անեն Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում եւ չվիրավորվեն այս կամ այն երկրի իշխանություններից` իրենց մտադրությունն իրագործել թույլ չտալու համար:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հայկական հուշարձանների ուսումնասիրության կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Սոչիում զորավար Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժման փաստը:

«Մեզանում վատ ավանդույթ է ձեւավորվել` խաչքարերը կամ  ազգային հերոսների արձանները տեղադրել երկրագնդով մեկ: Ճիշտ կլինի, որ Սոչիի հայերն այդ արձանը բերեն Հայաստան կամ Ղարաբաղ: Այդ ժամանակ ոչ ոք չի համարձակվի վարջնագիր ներկայացնել կամ ստիպել,  որպեսզի հայերն իրենց ձեռքով հանեն իրենց հերոսների հուշարձանները», - ասաց Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ եթե հայերը չեն ցանկանում նման իրավիճակում հայտնվել, պարզապես պետք է վերադառնան Հայաստան. «Այդ խնդրին այլ լուծում չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սոչիի Լազարեւսկի շրջանում տեղադրված զորավար Անդրանիկի հուշարձանն ընդամենը մի քանի օր էր կանգնած մնացել:

Հուշարձանի պաշտոնական բացումը նախատեսված էր մայիսի 28-ին, սակայն Լազարեւսկի շրջանի ղեկավարության պարտադրանքով այն ապամոնտաժվել էր: