Թերթը գրում է, որ երբ զրույցների ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին փորձում են համոզել, որ Երեւանն էլ պետք է ունենա բարձրահարկ շենքեր եւ օրինակ են բերում նյույորքյան երկնաքերները կամ Դուբայի բարձրահարկ շենքերը, ճարտարապետը հերթական անգամ հիշեցնում է, որ Երեւանը սեյսմիկ տարածաշրջանում է: Կրկնվող երկրաշարժերի պատմությունն արդեն ապացուցել է, որ 100 տարին մեկ Երեւանում ուժեղ ցնցումներ են գրանցվում: Թեպետ Սպիտակի երկրաշարժից անցել է 20 տարի, սակայն ողբերգությունից ոչ քաղաքային իշխանությունները, ոչ էլ բիզնեսմենները եզրակացություններ չարեցին:

«Պետք է գիտակցենք, որ Երեւանը Ճապոնիա չէ: Ճապոնիայի բարձրահարկ շենքերը խիստ հսկողության տակ են: Վերջին երկրաշարժի ժամանակ էլ բարձրահարկ շենքերի մեծ մասը պահպանվեց: Մինչդեռ Հայաստանում բարձրահարկ շենքերի հսկողությունը շատ քիչ է: Կառույցների խտությունը մեծ է: Օգտագործված տեխնոլոգիան այնպիսին է, որ եթե նույնիսկ շենքի կարկասը մնա, խտության ժամանակ եզրերը փակող նյութերը կթափվեն, եւ կստեղծվի մի վիճակ, երբ փրկարարները չեն կարողանա մոտենալ` մարդկանց տարհանելու համար»,- ասել է Մկրտիչ Մինասյանը:

Մայրաքաղաքի հատկապես կենտրոնում խտությունը շատ մեծ է: «Այդ խտությունը սովորական պայմաններում էլ է նկատվում: Երեւանն անընդհատ վատ ռեժիմի մեջ է: Պատճառն այն է, որ խտությունը որոշ հատվածում խիստ կենտրոնացած է: Հատկապես սարսափելի է Թումանյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա հատվածի շենքերի խտությունը: Ներդնողները ցանկանում են հենց Հանրապետության հրապարակի հարեւանությամբ բնակելի շենքեր կառուցել, որովհետեւ այստեղ գները բարձր են: Սակայն պետությունը նրա համար է, որ այդ ներդնողներին բացատրի, որ ինքն ունի նաեւ քաղաքի այլ հատվածներ, եւ առաջարկի այնտեղ ծավալել շինարարություն»:

Ինչպես յուրաքանչյուր երկրում, Հայաստանում էլ կան սահմանված քաղաքաշինական չափանիշներ, թե քաղաքի որ հատվածում ինչպիսի հեռավորության եւ ինչ բարձրության վրա պետք է կառուցվեն բարձրահարկ շենքերը: Սակայն մի քանի տարի առաջ մեկնարկած հախուռն շինարարության ժամանակ բոլոր օրենքները անտեսվեցին:

…Մինասյանը հավելում է, որ քաղաքի տեսքն այսօր քիչ թե շատ, մի կերպ ու բազմաթիվ վերապահումներով գոնե տանելի է: Այսօր արդեն մայրաքաղաքի սեյսմակայունությունը վտանգված է, վաղը Երեւանում հնարավոր չի լինի երթեւեկել, քայլել ու շնչել: Միակ ելքը` Երեւանն այլեւս շինհրապարակ չօգտագործել: