Ներկայացնում ենք մի հատված Տիգրան Պասկեւիչյանի «Անթերի մեխանիզմ» հոդվածից.

Եթե 2007 թվականի աշնանը Հայաստանի ժողովուրդը ոտքի չկանգներ, ապա եթե կուլ տար նախագահական ընտրությունների կեղծված արդյունքը, եթե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից վտարվելուց հետո մարդիկ տուն գնային եւ ոչ թե Մյասնիկյանի արձանի մոտ, եթե հասարակությունն արտակարգ դրությունից դուրս չգար արտակարգ վճռականությամբ եւ պայքարը մինչեւ վերջ հասցնելու կամքով, եթե քաղբանտարկյալները կոտրվեին ու ներման խնդրագրեր գրեին, եթե մարտի 1-ի զոհերի հարազատները համառ ու անկոտրում չլինեին, եթե ընդդիմությունը քյալլագոզ լիներ ու, գլուխը կոցնելով` հասարակությանը տաներ անհաշվենկատ ու անհեռանկար գործողությունների, միջազգային ոչ մի կազմակերպություն, ոչ մի պետության կառավարություն ստիպված չէր լինի կարգի հրավիրել Հայաստանի իշխանություններին եւ հարաբերությունները կդասավորեր այնպես, ինչպես կար մինչեւ 2007-ի աշունը:

Ես չեմ հոգնում այս ամենը կրկնելուց, որովհետեւ կիսաքաղաքական, մերձքաղաքական, արտաքաղաքական եւ նմանատիպ բոլոր ուժերը ճիգ ու ջանք չեն խնայում հասարակության ինքնավստահությունն աղճատելու համար: Ասում եմ` աղճատելու, որովհետեւ նույնիսկ «տոտալ մոբիլիզացիայի» պայմաններում նրանց չի հաջողվում կոտրել այդ ինքնավստահությունը եւ չի հաջողվելու, որովհետեւ մեր շարժումը նպատակասլաց է: