Երեկ գիշերը` ժամը 4.35-ի սահմաններում «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող Երեւանի Ավան թաղամասի Աճառյան փողոցում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ, 5 դիմակավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը եղած 4 մարդկանց եւ զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարներն ու ոսկեղենը: Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակները այն տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը եւ նույն մեքենայով հեռացել: Առավոտյան ժամը 9.40-ի սահմաններում նշված ավտոմեքենան հայտանբերվել է Շենգավիթում: Ոստիկանությունում հաստատել են թերթի այս տեղեկությունները` հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: