Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հունիսի 1-ին հյուրընկալել է ավելի քան 80 հազար այցելուների` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ավանդույթ դարձած այս միջոցառումը ներգրավել է հազարավոր երեխաների Հայաստանի տարբեր անկյուններից` նրանց միավորելով «Աշխարհը քոնն է» կարգախոսի շուրջ:
Գաֆէսճեան քանդակների պարտեզում երեխաները մասնակցել են բազմապիսի արվեստի խմբակների` նկարչություն, խեցեգործություն, բատիկ, տիկնիկների պատրաստում, «Արվեստի մոլորակի» ստեղծում:
«Երեխաների պաշտպանության օրը եւս մեկ հիշեցում է մեծահասակներիս, որ երեխաների ապագան կախված է մեր այսօրվա ուշադրությունից եւ հոգատարությունից: Հանդիսանալով ազգային օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունը Հայաստանի քաղաքացիների աճող սերնդի դաստիարակման հարցում: Այդ գիտակցությամբ մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր եւ օգնում երեխաներին ստանալ որակյալ կրթություն, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, առնչվել մշակույթին ու արվեստին», - հայտնել է միջոցառման կազմակերպիչներից «ԱրմենՏելի» վաճառքի տնօրեն Ալեքսանդր Սիվոլապովը:
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցել են պարոն Բումը, բազմաթիվ մանկական երաժշտական խմբերը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, ինչպես նաեւ հայ էստրադայի աստղերը: Երեկոն ավարտվեց Երեւանի գիշերային երկնքում լուսավառվող շքեղ հրավառությամբ:




























