Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին երկու վճիռ է կայացրել Ադրբեջանի վերաբերյալ: «Trend News» գործակալության փոխանցմամբ, ըստ ԵԴ հայտարարության՝ Ադրբեջանը խախտել է Բնության պահպանության հասարակական կազմակերպության ՝ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության եւ հավաքների ազատության իրավունքը: Այսպիսով, ադրբեջանական կառավարությունը տուգանվել է 8 հազար եվրոյով: Լրացուցիչ պետք է վճարվեն հիշյալ կազմակերպության՝ տեղական դատարանում ծախսած 2 հազար եւ Եվրադատարանում ծախսած 800 եվրոն:

Եվրադատարանի հրապարակած վճռում խոսվում է նաեւ ցմահ ազատազրկման դատապարտված Ռահիմ Մանսիմովի իրավունքների խախտման մասին: Վերջինս մեղադրվում է 1994թ. Բաքվի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության մեջ: Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 14 եւ վիրավորվել՝ 49 հոգի: ԵԴ-ն պարզել է, որ Մանսիմովի արդար դատաքննության իրավունքը խախտվել է՝ ամփոփելով, որ հայցվորի բողոքը պետք է քննել վճռաբեկ եղանակով: Գործակալության տվյալներով՝ Ադրբեջանի եւ Եվրադատարանի միջեւ քննարկումներ են ընթանում 60 գործերի կապակցությամբ: