Երեւանում հունիսի 2-ին ժամը 18:00-ի սահմաններում Սարյան-24 շենքի դիմաց 24-ամյա Արայիկ Գալստյանը իրեն պատկանող BMW մակնիշի 13 ՏՕ 933 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 51-ամյա Վարդուհի Մանուկյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել եւ տուժածին տեղափոխել է Պռոշյան փողոցի վրա գտնվող թիվ 3 հիվանդանոց: Այնուհետեւ Պռոշյան փողոցից շտապօգնության ավտոմեքենան վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Շտապօգնության ավտոմեքենային ուղեկցել է նաեւ վրարեթ կատարողը:
Երբ «Էրեբունի» հիվանդանոց են ժամանել վրաերթի ենթարկվածի հարազատները եւ տեղեկացել, որ վրաերթ կատարողը գտնվում է հիվանդանոցում, սկսել են ծեծել նրան: Բժիշկները ստիպված են եղել ահազանգել ոստիկանության Էրեբունու բաժին: «Էրեբունի» բժշկական կենտրոն ժամանած ոստիկանները ծեծողներին եւ ծեծվողին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ծեծի փաստով:



Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























