Հայաստանի իշխանությունները մտադիր չեն բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ` ՀԱԿ առաջարկվող օրակարգով` հանրապետությունում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հետ «բանակցողների» խմբի ձեւավորման փաստը:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն, ընդհանուր առմամբ, դրական են տրամադրված քաղաքական ուժերի հետ երկխոսության, եւ դա վերաբերում է ոչ միայն ՀԱԿ-ին, սակայն Հայ ազգային կոնգրեսի առաջարկած օրակարգը հանրապետության ղեկավարության համար, իհարկե, ընդունելի չէ քանի որ հիմնավորված չէ: Շարմազանովը նաեւ նշել է, թե իշխանությունները չեն քննարկել «բանակցողների» իրենց թիմի հարցը:

Նշենք, որ նախօրեին Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է այն անձանց ցանկը, ովքեր պետք է բանակցեն իշխանությունների հետ:

ՀԱԿ-ի քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության կազմը, որում ընդգրկված են.

Լեւոն Զուրաբյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ:

ՀԱԿ-ը նաեւ հայտարարել է, թե բանակցությունների օրակարգի միակ հարցը արտահերթ ընտրություններն են: