Բադրի Բիցաձեի ընտանիքի անդամները, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն դեռ չեն դիմել Վրաստանի ՆԳՆ-ին նրա անհետ կորելու մասին հայտարարությամբ, ուստի նախարարությունը նրան հետախուզելու գործողություն չի սկսել, այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական վարչության ղեկավար Շոթա Ուտիաշվիլին Վրաստանի առաջին ալիքի եթերում:

«Թերեւս, ընտանիքի անդամները չեն փնտրում Բադրի Բիցաձեին, համենայն դեպս տիկին Բուրջանաձեից կամ այլ անդամներից հայտարարություն, որ մարդը կորել է, չի ստացվել, եւ ոստիկանությունը դեռ չի սկսել նրա հետախուզումը»,- ասել է նա:

Նշենք, որ Բիցաձեին մեղադրել են իշխանություններին զինված դիմադրության եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տարածել էր ընդդիմադիրների հեռախոսազրույցը, որտեղ նրանք քննարկում էին ոստիկանության դեմ պայքարի մարտավարությունը: Մայիսի 26-ից Բիցաձեի գտնվելու վայրն անհայտ է: Նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Բուրջանաձեն ամուսնու դեմ մեղադրանքների առաջադրումը սարքված է համարել եւ հրաժարվել է գրավ մուծել նրա համար:

Վրացական «Ռեզոնանսի» պարբերականը հայտնել էր, որ Բադրի Բիցաձեն թաքնվում է Հայաստանում: Թերթը մանրամասները չի հաղորդում, սակայն, հենվելով սեփական աղբյուրների վրա, նկատում է, որ Բիցաձեն լքել է Վրաստանը դեռ կիրակի: