Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նեղացած չէ զգում, որ իշխանությունները չեն ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել արտահերթ ընտրությունների անցկացման հարցով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ-ին անդամակցող Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ով ընդգրկված է ՀԱԿ-ի «բանակցողների» խմբում:

«Մենք խնամախոսության չէինք գնում, որ հիմա էլ նեղացած զգանք: Մենք ուղղակի ուզում էինք եւ ուզում ենք օր առաջ խաղաղ ճանապարհով կարգավորել հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Եթե իշխանությունները չեն ցանկանում դա, իրենց գործն է: Մեր զինանոցում բազում այլ միջոցներ կան հասնելու դրված խնդիրների լուծմանը»,- հավաստիացրել է Խաչատրյանը:

Հարցին, թե չշտապե՞ց արդյոք ՀԱԿ-ը բանակցողների խումբ ստեղծելով եւ չիմանալով իշխանությունների արձագանքը, Խաչատրյանը պատասխանել է, «Իշխանություններն իրենք ասում էին, որ համաձայն են բանակցություններին: Երկրորդ. մենք չենք շտապել, քանի որ յուրաքանչյուր անցնող օր ներկա վիճակում կորած է, ուստի մենք ձգտում ենք օր առաջ քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ»:

Նշենք, որ նախօրեին Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է այն անձանց ցանկը, ովքեր պետք է բանակցեն իշխանությունների հետ:

ՀԱԿ-ի քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության կազմը, որում ընդգրկված են.

Լեւոն Զուրաբյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ:

ՀԱԿ-ը նաեւ հայտարարել է, թե բանակցությունների օրակարգի միակ հարցը արտահերթ ընտրություններն են:

Իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հետ «բանակցողների» խմբի ձեւավորման փաստը, ասել է, թե Հայաստանի իշխանությունները մտադիր չեն բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ` ՀԱԿ առաջարկվող օրակարգով` հանրապետությունում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: