Ներկայումս նյութեր են պատրաստվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար` ադրբեջանական կողմից Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանին գերեւարելու եւ խոշտանգումների ենթարկելու փաստով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը մոլորվել էր անտառում եւ գերեւարվել 2009թ. մայիսին: Միայն կես տարի անց` 2010 թ. նոյեմբերին է ադրբեջանական կողմը հաստատել նրա գերեւարման փաստը: Բադալյանը վերադարձվել է հայրենիք այս տարի մարտի 17-ին:
Է. Մարուքյանի խոսքով` Եվրոպական դատարան նախնական դիմումը կուղարկվի այս ամսվա ընթացքում: Իսկ ներկայումս նախապատրաստվում են փաստաթղթերը, այդ թվում` կանցկացվի Ա. Բադալյանի վիճակի համալիր փորձաքննություն: «Գերությունից վերադառնալուց հետո Բադալյանի մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական», -նշել է փաստաբանը` ավելացնելով, որ մինչ գերությունը նա առողջական որեւէ խնդիր չի ունեցել:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Եվրոպական դատարան դիմումը կներկայացնի Վանաձորի փաստաբանական «Պոպուլեքս» գրասենյակը: Փաստաբանների խոսքով` այս գործով դատավճիռը կարող է նախադեպային լինել նմանատիպ գործերի համար:




























