Անցյալ շաբաթ Հայաստանի Կենտրոնական բանկը բորսայում վաճառել է 7.2 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ԿԲ պաշտոնական կայքէջը:
Դոլարները վաճառվել են բավական բարձր միջին փոխարժեքով` 1դոլար/377.51: Ամենայն հավանականույամբ` հիմնական ինտերվենցիան տեղի է ունեցել մայիսի 27-ին, երբ դոլարի միջին փոխարժեքը բորսայում անցավ 378-ի սահմանագիծը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ԿԲ-ն առայժմ անցանկալի է համարում 1դոլար/378 դրամ փոխարժեքը, ու առայժմ ի վիճակի է փոքր ինտերվենցիանով ապահովել փոխարժեքի համեմատական կայունություն:
Հատկանշական է, որ ԿԲ-ն չի միջամտում այն դեպքերում, երբ դոլարը արժեզրկվում է դրամի նկատմամբ: Համենայնդեպս` վերջին շաբաթների ընթացքում ԿԲ-ն դոլարային գնումներ չի իրականացրել, թեեւ դոլարային ինտերվենցիաների ծավալն էր մեծ չէ, ու հավանաբար` ամսական կտրվածքով չի գերազանցի 15 մլն դոլարը:
Փոխարժեքին միջամտության նման ցածր մակարդակը վկայում է այն մասին, որ ԿԲ-ն առայժմ պահպանում է խոստումը` թույլ է տալիս փոխարժեքին լողալ: Ընթացիկ զարգացումները խոսում են նաեւ այն մասին, որ ԿԲ-ն դեմ չէ դրամի արժեւորմանը, սակայն զգուշանում է դրամի արժեզրկման ավելի մեծ տեմպից:
Նշենք, որ թեեւ ֆինանսական շուկայում ավելանում է պահանջարկը դրամի նկատմամբ, ինչն արտահայտվում է դրամով տրվող վարկերի նկատմամբ պահանջարկի ավելացմամբ, այնուամենայնիվ դրամն ավելի շուտ գտնվում է արժեզրկման սպասումների ճնշման ներքո:
Սամվել Ավագյան




























