Գյումրիի պետական բուհերում մագիստրատուրայի ընդունելությունն սկսված է. այն անցկացվում է երկու փուլով`անվճար եւ վճարովի տեղերի համար: Ըստ ոլորտի մասնագետների` ի տարբերություն բակալավրիատի, մագիստարատուրայում դիմորդի պակաս չի լինի: Մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի փոխանցմամբ`  ընդունելության սահմանված կարգը նույնն է, բացառությամբ մեկ նորամուծության. «Այս տարի մագիստրատուրայի անվճար համակարգում ուսուցման համար կարող են դիմել  բանակից զորացրվածները: Այս դեպքում նրանց ընդունելությունը կանցկացվի մրցույթից դուրս»,-ասել է Վարդեւան Գրիգորյանը:

Պետական մանկավարժական ինստիտուտում բանակից զորակոչվածների համար ընտրված հավելյալ անվճար տեղերը նախատեսված են ֆիզիկայի, աշխարհագրության, ինֆորմատիկայի բաժինների համար:

Անվճար հավելյալ տեղերում ընդունվելու համար կարող են դիմել ինչպես նախնական զինվորական ծառայությունն ավարտած, այնպես էլ նախորդ տարիների ուսումնառության ժամանակահատվածում անբավարար առաջադիմության կամ ներքին կարգապահական կանոնները խախտելու համար բուհից հեռացված, բայց ծառայությունն ավարտած դիմորդները: