Իրեն «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության մասնագետ համարող Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը կրկին անդրադարձել է CHP-ի առաջնորդին։

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Սալիմ Ուսլուին աջակցվելու համար Չորում ժամանած Անկարայի քաղաքապետը AKP-ի համար ժողովրդից քվեներ է խնդրել։  Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Անկարայի քաղաքապետը սկսել է քննադատել CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։ «Հունաստանին ողջյուններ ուղարկած Քըլըչդարօղլուն երբ է Հայաստան ողջյուններ հղելու»,-հարցրել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը։

Նշենք, որ թուրքական իշխող կուսակցության կողմնակիցները փորձում են ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին նսեմացնել՝ պնդելով, թե նրա մայրը հայ է։

Իսկ Անկարայի քաղաքապետը նախորդ տարի հեռուստահաղորդման ժամանակ հեքնանքով պնդել է, թե Քըլըչդարօղլուի մայրը հայ է եւ նա չպետք է դա թաքցնի ժողովրդից։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի խորհրդարանում բոլոր պատգամավորներին բաժանվել է «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի օրինակները, որի մեջ վիրավորական շեշտադրումներով գրված էր, թե թուրք կուսակցապետի մայրը հայ է:

Հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանն ու Շերաֆեթթին Հալիսը։

Շերաֆեթթին Հալիսը նշել էր, թե այդ գիրքը պատվիրված է, որն իր էությամբ ստորացուցիչ եւ անբարոյական մոտեցում է. «Ես պարոն Քըլըչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այդ գիրքը վիրավորանքներով լեցուն է թե Քըլչդարօղլուի, թե հայերի հանդեպ»։